Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 15 տարեկան է. հարուստ կենսագրություն, ինքնատիպ հնչողություն, հանդիսատեսի սեր և ձեռքբերումներով լի 15 տարի

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 15 տարեկան է. հարուստ կենսագրություն, ինքնատիպ հնչողություն, հանդիսատեսի սեր և ձեռքբերումներով լի 15 տարի
20.01.2021 | 13:05

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 25-ին կդառնա 15 տարեկան։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հիմնադրած կոլեկտիվը շատ կարճ ժամանակում կարողացավ իր հատուկ տեղը գրավել հայ կատարողական արվեստում և հայտ ներկայացնել միջազգային երաժշտական ասպարեզում՝ աշխարհում գործող բազմաթիվ կայացած ու ավանդույթներ ունեցող նվագախմբերի կողքին հանդես գալով ինքնատիպ հնչողությամբ, հետաքրքիր երաժշտականությամբ ու հարուստ երկացանկով։

2006 թվականին նվագախումբը ստեղծվել է 18 տարեկան համախոհ երիտասարդների ջանքերով, երիտասարդներ, որոնք մաքսիմալիստ էին, համարձակ, հավատում էին իրենց հաջողությանը, ու չնայած դրան՝ երևի թե չէին էլ պատկերացնում, որ ընդամենը մի քանի տարի անց հանդես կգան աշխարհի լավագույն համերգասրահներում՝ արժանանալով ամենանրբաճաշակ հանդիսատեսի բուռն ծափողջույններին։
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և երաժիշտների նվիրյալ աշխատանքի շնորհիվ նվագախումբը կարճ ժամանակում ձեռք է բերել միջազգային ճանաչում: Նվագախումբը գործունեության 15 տարիների ընթացքում ավելի քան 600 համերգով հանդես է եկել Հայաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Նիդերլանդներում, Բելգիայում, Իսպանիայում, Չինաստանում, Լիբանանում, Արաբական Էմիրություններում, Իսրայելում, Մալթայում, Ռուսաստանում, աշխարհի լավագույն համերգասրահներում, այդ թվում՝ Փարիզի Opera Garnier-ում, Բեռլինի ֆիլհարմոնիայում և Konzerthaus-ում, Լոնդոնի Բարբիկան կենտրոնում, Վիեննայի Musikverein-ում, Համբուրգի Elbphilharmonie-ում, Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան համերգասրահում, Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ համերգասրահում և բազմաթիվ այլ հեղինակավոր դահլիճներում։


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր արտասահմանյան համերգային շրջագայությունների ընթացքում մշտապես կատարում է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ այդպիսով հանրահռչակելով և՛ հայկական կոմպոզիտորական ժառանգությունը, և՛ ներկայացնելով հայ կատարողական բարձր արվեստը։ Նվագախումբը 2020թ․ հունվարին Մաքսիմ Վենգերովի հետ մեկնեց եվրոպական հյուրախաղերի՝ եվրոպացի ունկնդրին առաջին անգամ ներկայացնելով Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան։
Նվագախմբի հարուստ երկացանկում ընդգրկված են դասական և ժամանակակից հայ (Ալեքսանդր Սպենդիարյան, Հարո Ստեփանյան, Արամ Խաչատրյան, Գրիգոր Եղիազարյան, Ալեքսանդր Հարությունյան, Ղազարոս Սարյան, Առնո Բաբաջանյան, Էդվարդ Միրզոյան, Էդուարդ Բաղդասարյան, Ավետ Տերտերյան, Ջոն Տեր-Թադևոսյան, Տիգրան Մանսուրյան…) և այլազգի կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործություններ: Երկացանկում ներառված է ավելի քան 1100 ստեղծագործություն, 15 տարիների ընթացքում ներկայացվել են համաշխարհային և հայաստանյան բազմաթիվ պրեմիերաներ։ Հայ կոմպոզիտորների 100-ից ավելի ստեղծագործություններ առաջին անգամ հնչել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։


Նվագախումբը համագործակցում է աշխարհում հայտնի մենակատարների, դիրիժորների և արտիստների հետ. Վալերի Գերգիև, Վլադիմիր Սպիվակով, Մաքսիմ Վենգերով, Դենիս Մացուև, Վադիմ Ռեպին, Վահագն Պապյան, Բորիս Բերեզովսկի, Սերգեյ Խաչատրյան, Ջոն Մալկովիչ և բազմաթիվ այլ աշխարհահռչակ արտիստներ պարբերաբար ելույթ են ունենում նվագախմբի հետ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալիս մի շարք փառատոներով, նորարարական ծրագրերով։ Մասնավորապես, արդեն երկար տարիների պատմություն ունեն Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, Խաչատրյանի անվան, «Արմենիա» միջազգային փառատոները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ աշխարհում առաջին անգամ սիմֆոնիկ նվագախումբն իրական ժամանակում հնչեցրեց արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի շրջանակներում նվագախումբը, 2020թ․ հունիսին կիրառելով բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության գործիքները, դիրիժորին, մենակատարին և նվագախմբին հեռավար ձևաչափով հանդիպելու հնարավորություն ստեղծեց։


Կոլեկտիվը, համերգային ելույթներից բացի, նաև երաժշտագիտական գործունեություն է ծավալում. անցած 15 տարիներին ձայնագրվել և թվայնացվել են հայ կոմպոզիտորների կամերային և սիմֆոնիկ հարյուրավոր ստեղծագործություններ, ինչը հնարավորություն է տալիս մեր երաժշտական ժառանգությունը սերունդների համար պահպանել ժամանակակից ձևաչափով, ինչպես նաև հանրայնացնել աշխարհում։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալիս նաև մի շարք կրթական ծրագրերով։ 2018թ. նոյեմբերից Սիմֆոնիկն ավագ դպրոցներում իրականացնում է «ԴասA» կրթամշակութային նախագիծը, որի նպատակը ժամանակակից ինտերակտիվ և ստեղծարար մեթոդներով երիտասարդ սերնդի ուղղորդումն է դեպի դասական արվեստ: Կազմակերպվում են նաև առցանց վարպետաց դասեր աշխարհում հայտնի երաժիշտների և մանկավարժների մասնակցությամբ։


Գործունեության կարևորագույն ուղղություններից են սոցիալական պատասխանատվությունն ու բարեգործական նախագծերը. 15 տարիների ընթացքում կյանքի են կոչվել սոցիալական, մարդասիրական, բարեգործական ուղղվածության բազմաթիվ ծրագրեր։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները վերջին տարիներին բազմիցս հեռարձակվել են մեծ լսարան ունեցող միջազգային հարթակներում՝ Medici.tv, Euronews, Classic.fm, Mezzo TV և այլն։


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ ամփոփելով անցած 15 տարիները‚ ազդարարում է նոր փուլի մեկնարկը, փուլ, որը հագեցած է լինելու սիրելի ունկնդրին հաճելի պահեր պարգևելուն միտված ստեղծարար աշխատանքով, նոր գաղափարներով, աշխարհի լավագույն կոլեկտիվների հետ համընթաց քայլելու և հայկական երաժշտական արվեստն աշխարհում է՛լ ավելի հանրայնացնելու տեսլականով։

Դիտվել է՝ 10658

Մեկնաբանություններ